Էջմիածնի համայնքապետարանից տեղեկացնում են, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» Մկրտիչ Չիրքինյանը: «Մկրտիչ Չիրքինյանը մեր համայնքի երեւելի եւ ականավոր անհատներից էր, որի անունը ոսկե տառերով է գրված Էջմիածնի եւ Հայաստանի սպորտային կյանքում: Մկրտիչ Չիրքինյանը Էջմիածնում հունահռոմեական ոճի ըմբշամարտի հիմնադիրն է, Աշխարհի ու Եվրոպայի բազմաթիվ չեմպիոնների մարզիչ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 1959 թվականին ճանաչվել է ԽՍՀՄ սպորտի վարպետ: 1963 թվականին Էջմիածին քաղաքում հիմնել է հունա-հռոմեական ըմշամարտի դպրոց եւ դարձել այս սպորտաձեւի հիմնադիրը քաղաքում: 1997 թվականին հոկտեմբերի 23-ին արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման: 2002 թվականին ստացել է ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատողի կոչում: 2002 թվականին դեկտեմբերի 27-ին արժանացել է Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար հանրապետության նախագահի շնորհակալագրի: 1969-1985 թթ. եղել է Հանրապետության հավաքականի մարզիչ: 2022 թվականի նոյեմբերին մեծ շուքով նշվեց նրա մարզչական գործունեության 60-ամյակը: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Մկրտիչ Չիրքինյանն արժանացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրի: Համայնքի ղեկավարի կողմից պարգեւատրվեց շնորհակալագրով ու անվանական մեդալով՝ երկարամյա ակնառու գործունեության, սպորտի զարգացման եւ մասսայականացման գործում ունեցած անուրանալի ավանդի համար: Նրա անունն է կրում Վաղարշապատի մանկապատանեկան մարզադպրոցի ըմբշամարտի դահլիճը: Մկրտիչ Չիրքինյանն 84 տարեկան էր: